Դեկտեմբերի 5-ի գիշերը երկու բավական զգալի ստորերկրյա ցնցում է տեղի ունեցել Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում, որը դեռեւս չի մոռացել ընթացիկ տարվա մարտի աղետալի երկրաշարժն ու ցունամին:
4.4 եւ 5.1 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել գիշերվա ընթացքում: Առաջին ցնցման հիպոկենտրոնը գտնվել է Միյագի պրեֆեկտուրայում, օջախը 50 կմ խորության վրա է եղել: Զգալի ցնցումներ են եղել 5 պրեֆեկտուրաներում, այդ թվում` Ֆուկուսիմայում:
Երկրորդ ցնցման հիպոկենտրոնը ափից արեւելք ընկած հատվածում է եղել, բայց փոքր խորության պատճառով` ընդամենը 10 կմ, ուժեղ ցնցումներ են զգացվել Հոնսյու կղզու 10 պրեֆեկտուրաներում, ներառյալ Ֆուկուսիման, տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը:
Ըստ Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայության` ցունամիի վտանգ չի առաջացել: ԱԷԿ-ի աշխատանքի խափանումներ չեն արձանագրվել: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:




























