Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլիին նախազգուշացրել է հնարավոր վտանգի մասին:
«Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում նա քաղաքական նոր գործչին կոչ է արել մտածել սեփական անվտանգության մասին: Նա հիշեցրել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եւ ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի հետ կատարված դժբախտ դեպքերի մասին եւ հայտարարել, որ չի կարելի թույլ տալ դրանց կրկնությունը:
Էդուարդ Շեւարդնաձեն վստահ է, որ կառավարության նախկին ղեկավարը եւ օլիգարխն սպանվել են, նաեւ նշել է, որ ապագայում իշխանությունների մեղքն այդ սպանություններում կբացահայտվի: «Վզգլյադ»-ը գրում է, որ այդ մահերի մանրամասներն առ այսօր չեն պարզվել:
Էդուարդ Շեւարդնաձեն նաեւ կարծում է, որ եթե Բիձինա Իվանաշվիլիին 2012թ. Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն չընձեռվի, դա իշխանությունների կողմից «օրենքի խախտում» կլինի:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին Վրաստանում նոր ընդդիմադիր շարժում է գրանցել` «Վրացական երազանք», եւ մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց մեկ խոչընդոտ կա` նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացի է:
Այսօր` դեկտեմբերի 5-ին, նրա քաղաքացիության վերականգնման դատական գործընթացն է սկսվում: Գործարարի քաղաքացիությունը վերադարձնելու կոչով հանդես էր եկել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն:




























