Ռուսաստանի ԿԸՀ նախնական տվյալներով` «Եդինայա Ռոսիա»-ն կորցրել է սահմանադրական մեծամասնությունը Պետդումայում: Կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում են, որ գոհ են «կայուն մեծամասմությունից»: Այժմ կուսակցությունը պետք է իշխող կոալիցիա ձեւավորի:

«Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ, համաձայն ՌԴ ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովի հրապարակած տվյալների,  «Եդինայա Ռոսիա»-ն քվեների 49,54%-ն է հավաքում  (2007թ. ընտրություններին այն ստացել էր 64,3%-ը, 315 տեղ խորհրդարանում), ՌԴ Կոմունիստական կուսակցությունը հավաքում է 19,16% (2007թ.`11,57%, 57 տեղ), «Սպրավեդլիվայա Ռոսիա» -ն` 13,22% (2007թ.` 7,74%, 38 տեղ), Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցությունը` 11,66% (2007թ.` 8,14%, 40 տեղ):

Ըստ այս ցուցանիշների`  «Եդինայա Ռոսիա»-ն  վեցերորդ գումարման Պետդումայում կարող է զբաղեցնել 238 տեղ, Կոմկուսը` 92, «Սպրավեդլիվայա Ռոսիա» -ն` 64, ՌԼԴԿ-ն` 56 տեղ:

Նախքան ընտրությունները, «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչները վստահ էին, որ կուսակցությունը Պետդումայում  կպահպանի սահմանադրական մեծամասնությունը, որը կոալիցիա չի պահանջում: