Վիլնյուսում, դեկտեմբերի 6-7-ին կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարություն կընդունվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի առանձին փաստաթուղթ չի ստորագրվի:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Վիլնյուսում դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը:
Հայաստանի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել է, որ նման հանդիպումների մասին հաղորդվում է պատշաճ կերպով: «Այս պահին չեմ կարող ասել, որ նախարար Նալբանդյանը դեկտեմբերի 6-7-ին կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին», - նշել է Բալայանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներ վերջին երեք տարվա ընթացքում եղել են:
Իրենց հերթին, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վիլնյուսում Նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում չի բացառվում 3+2 ձեւաչափով հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների մասնակցությամբ:




























