Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ կանգնած գործիչներից մեկը թուրքական Hurriyet-ի թղթակից Թահա Աքյոլի հետ մտերմիկ զրույցում ներկայացրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջիկա սցենարը։
«Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարության ժամկետը 7 տարի է, որն ավարտվում է 2014-ին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ 2014-ին ժողովրդի կողմից կընտրվի նախագահ։ Այդ ժամանակ Աբդուլլահ Գյուլը չի լինելու պատգամավոր եւ չի կարող միանգամից դառնալ վարչապետ։ Ժամակավոր վարչապետ կդառնա Բյուլենթ Առընչը։ Այնուհետ իշխող կուսակցության արտակարգ ժողով կհրավիրվի եւ Աբդուլլահ Գյուլը կընտրվի կուսակցության նախագահ եւ 2015-ի խորհրդարանական ընտրություններին մտնելով խորհրդարան՝ վարչապետ կդառնա»,-ասել է Էրդողանին մոտ կանգնած գործիչը՝ պնդելով, թե Գյուլ-Էրդողան հարաբերություններն ավելի վստահելի են քան Մեդվեդեւ-Պուտին հարաբերությունները։
Նշենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներքին կանոնակարգի համաձայն կուսակցականներն իրավունք չունեն 3 անգամից ավել առաջադրվել պատգամավորության։ Էրդողանը եւ կուսակցության ղեկավար կազմն արդեն 3 անգամ են պատգամավոր դարձել։
Էրդողանը ցանկանում է նոր Սահմանադրությամբ Թուրքիան դարձնել նախագահական երկիր եւ ընտրվել նախագահ ժողովրդի կողմից։ Մինչ այժմ Թուրքիայի նախագահը ընտրվել է խորհրդարանի կողմից։




























