Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կկազմակերպվի դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահի ընտրությանը (այդ պաշտոնը թափուր կմնա միայն Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրելուց հետո), Գ. Մելիքյանն ասաց, որ այդ հարցով արտահերթ նիստ կհրավիրվի նույն օրը, ժամը 18:30-ին:
Խնդիրն այն է, որ քանի դեռ ԱԺ 2 փոխնախագահների պաշտոնները զբաղված են, խորհրդարանի օրակարգում չի կարող ներառվել ԱԺ փոխխոսնակի ընտրության հարցը: Ուստի միայն Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահ ընտրվելուց հետո կարելի կլինի արտահերթ նիստ հրավիրել այդ օրակարգով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խորհուրդն իր դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացրել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը:




























