Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Պուտինի կուսակցությունը կորցրել է բնակչության աջակցությունն, ինչպես նաեւ այլեւս երկրում չունի մեծ քաղաքական ազդեցություն: Նման միակամ եզրակացության են եկել արեւմտյան լրատվամիջոցները:

Թեեւ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, նախնական տվյալներով, առաջատարն է` շուրջ 50 տոկոսով, արեւմտյան թերթերի վերնագրարեւմ նշվում է, որ այդ ուժը իր լավագույն ժամանակները չի ապրում:

«Կրեմլն օգտագործել է ավտորիտար սցենարների գրեթե բոլոր տրյուկները, որպեսզի խեղդի այլակարծությունը եւ պաշտպանի Վլադիմիր Պուտինի եւ նրա շրջապատի իշխանությունը: Սակայն ռուսաստանցիները անակնկալ են մատուցել ժամանակակից ցարին»,- գրում է The Wall Street Journal-ը:

«Թեեւ ընտրություններում 49,5 տոկոս ստանալը շատ այլ երկրներում կհամարվեր տրիումֆ, «Եդինայա Ռոսիայի» եւ ՌԴ վարչապետի համար նման ցուցանիշը, պարզապես, ամոթալի է»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:

Նշենք, որ շատ պարբերականներ նշում են, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել:

«անցած ընտրությունները, ըստ ամենայնի, ռուսական կիբեր քաղաքականության ոլորտում նոր փուլ են բացում: Ընտրությունների ընթացքում ընտրողները բջջային հեռախոսներով տեսագրել են ընտրակաշառքների, ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր եւ տեղադրել ինտերնետում: Բացի այդ, մի քանի հարձակում է տեղի ունեցել  քաղաքական մի շարք կայքերի վրա, նշում է The New York Times-ը:

Երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ընտրությունների արդյունքները գնահատել է որպես «ժողովրդավարությունը գործողության մեջ»: Որոշ փորձագետներ համարում են, որ այդ ժողովրդավարությունը լավ կյանքից չէ, որ եկել է:

Ինչպես նշում է Մոսկվայի «Քառնեգի» վերլուծական կենտրոնի վերլուծավան Մաշա Լիփմանը, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մարդիկ հոգնել են ամենօրյա կոռուպցիայից, անօրինականությունից, պաշտոնական դիրքրի չարաշահումներից, բայց ամենից շատ` «երկու լիդերների փոխատեղումից»:

«Քաղաքական կյանքում շարժ է տեղի ունեցել: Եթե առաջ համարվում էր, որ Պուտինը հավերժ է, իսկ «Եդինայա Ռոսիան»` երկար ժամանակով կիշխի, հիմա դա այդպես չէ: Եթե նախկինում մեծամասնությունը կարծում էր, որ իրենցից ոչինչ կախված չէ, ապա հիմա մարդիկ իսկապես տեսնում են, որ իրենցից շատ բան է կախված»,- Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է փորձագետը: