Նիստերի ընթացքում քվորումի հարցը ներկայիս խորհրդարանի լուծված առաջադրանքներից է: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 5-ին, հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբեի 6-ին, ժ. 12.00-ին կայանալիք խորհրդարանի խոսնակի ընտրություններում Սամվել Նիկոյանի թեկնածությունն առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը:
«Քվորումի հարցը այն հարցերից է, որը հաջողվել է կարգավորել: Միեւնույն ժամանակ, եթե պատգամավորները իրենց ելույթների ժամանակ ուշադրություն են պահանջում, նրանք նաեւ պետք է հարգեն իրենց գործընկերների ելույթները: Ընտրություններ են մոտեում, եւ մենք պետք է ընդունենք, որ օրինագծերի քննարկումների ընթացքում կհնչեն նաեւ դրանց հետ կապ չունեցող քաղաքական ճառեր: Հնարավոր է, ձեզանից ոմանք կնախընտրեն օրենքներին վերաբերող մեկնաբանություններ լսել: Սակայն մենք պետք է փոխադարձ հարգանք ցուցաբերենք, եւ եթե պատգամավորներից մեկը դարակազմիկ մտքեր է արտահայտում, նա չպետք է խախտի կարգը, երբ նույնքան դարակազմիկ մտքեր մեկ ուրիշն է արտահայտում», -ասել է Նիկոյանը:
Թեման զարգացրել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը.«Դարակազմիկ մտքերի» շարքում նաեւ Առաքել Մովսիսյանի խոսքե՞րն ի նկատի ունեք, պարոն Նիկոյան: Եւ դա այն դեպքում, երբ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով վարկային համաձայնագրի մասին, խոսում էր միանգամայն հստակ, թվերի վրա հիմնվելո՞վ», -ասել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել էր խորհրդարանական դահլիճի կարգը` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հասցեին անվայել արտահայտություն անելով, ինչից հետո հեռացել էր դահլիճից:
Բախշյանին դիմելով` Նիկոյանը նշել է, որ փոխադարձ ուշադրություն ասելով ամենեւին էլ դա ի նկատի չուներ: «Ասվածի իմաստն այն է, որ միմյանց ելույթները պետք է ուշադիր լսել, անգամ եթե դրանց բովանդակությունը չի համապատասխանում ձեր ակնկալիքներին: Ձեր հիշատակած միջադեպի վերաբերյալ մեր կարծիքները, անշուշտ, համընկնում են»,-նշել է Նիկոյանը:




























