ԵԽԽՎ-ի ու ԵԱՀԿ-ի եվրոպացի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ռուսաստանի պետական դումայի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ: Այս մասին, Մոսկվայում, մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ով գլխավորել է ԵԽԽՎ-ի ու ԵԱՀԿ-ի դիտորդական խումբը: «Ընտրություններն առանձնացել են իշխանության մարմինների միջամտությամբ»,-ասել է դիտորդը: ԵԱՀԿ-ն իր զեկույցում նշել է ընտրախախտումներ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ եւ ընտրությունները համարել ոչ բավարար մրցակցային:
ԵԱՀԿ հայտարարությունում նշվում է, որ քվեարկությունն, ընդհանուր առմամբ, լավ է կազմակերպվել, բայց ընտրական գործընթացի որակը զգալիորեն ընկել է քվեների հաշվման ընթացքում, որն ուղեկցվել է հաճախակի խախտումներով, մանիպուլյացիաներով, այդ թվում լցոնումներով», հաղորդում է RBK-ն:
«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում քվեարկության արդյունքները Սանկտ Պետերբուրգում եւ Աստրախանում` վկայակոչելով խոշոր ընտրախախտումները:
Հիշեցնենք, որ քվեաթերթիկների 96 տոկոսի հաշվարկի արդյունքում, «Եդինայա Ռոսիան» ստացել է 49,54 տոկոս ձայն, Կոմկուսը` 19,16 տոկոս ձայն, «Սպրավեդլիվայա Ռոսիան»` 13,22 տոկոս ձայն եւ Ժիրինովսկիի ՌԼԴԿ-ն` 11,66 տոկոս ձայն:
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 7 տոկոսանոց շեմը: «Յաբլոկոն» հավաքել է 3 տոկոս, «Պատրիոտի Ռոսիի»-ն` 0,97 տոկոս, «Պրավոյե դելո»-ն` 0,59 տոկոս:




























