ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի միկրոֆոնն անջատել են, երբ նա ելույթ էր ունենում որպես ԱԺ նախագահի թեկնածու` վաղվա ընտրությունից առաջ: Խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրվել է 2 թեկնածու` ՀՀԿ-ից Սամվել Նիկոյանն ու «Ժառանգությունից»` Լարիսա Ալավերդյանը:

Սամվել Նիկոյանը հեռացավ դահլիճից, երբ Լարիսա Ալավերդյանն սկսեց պատասխանել պատգամավորների հարցերին: Իր ելույթում Ալավերդյանը ընդգծեց ԱԺ-ի` գործադիր իշխանությանը հակակշիռ լինելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով, եթե պատգամավորները ազատ կամարտահայմամբ ներկայացրեին իրենց դիրքորոշումը, իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

Ռուսաստանում, ըստ նրա, խորհրդարանի փոխնախագահներից մեկի պաշտոնը օրենքով հատկացվել է ընդդիմությանը: «Այստեղ անգամ փոխխոսնակի, էլ չասած խոսնակի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունն անգամ ոտնձգություն է համարվում»,-ասել է նա։

Ընդդիմություն լինելը, այդ թվում ներկուսակցական հարթությունում, ըստ Ալավերդյանի, թերություն չէ: «Գարեգին Նժդեհը ընդդիմադիր տեսակետներ էր հայտնում իր կուսակցության (ՀՅԴ-խմբ) ներսում եւ այդ մարդը փրկեց լեռնահայաստանի հայությանը կոտորածներից, իսկ Հայաստանը` մասնատումից: Ուստի եթե մի կուսակցությունում ընդդիմադիր տեսակետներ են հայտնվում, ապա պետք չէ մի կուսակցության ընդդիմությունը մեկ այլ կուսակցության թույն համարել: Դրանից շատ բանով կախված է Հայաստանի ապագան»,-նշել է «Ժառանգության» պատգամավորը:

Նրա ելույթի վերջին հատվածը, ակայն չլսվեց, քանի որ ժամանակը լրացել էր եւ նիստը վարողն անջատել էր միկրոֆոնը: