Հայաստանի առեւտրի կետերում ներկայում տեղադրված է 40 հազ. հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ)` 10 տարի առաջվա 400-ի համեմատ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
2009 թ. հետո ՀԴՄ շահող կտրոնների համար տրվել է 800 հազ. պարգեւավճար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս: Նշենք, որ տարեկան շրջանառվում է մոտ 240 միլիոն ՀԴՄ կտրոն:
2011 թ. որպես շահում տրամադրվել է 150 ավտոմեքենա: Բացի ամսեկան խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգեւավճար կստանան նաեւ 100 բջջային հեռախոս, 200 մոդեմ ու 6 ամսով անվճար ինտերնետ կապ:
Նշված պարգեւավճարների առաջին խաղարկությանը կմասնակցեն դեկտեմբերի 1-ից ձեռք բերվող ՀԴՄ կտրոնները:
Պարգեւավճարները կտրամադրվեն 2012թ. հունվարի խաղարկության արդյունքներով` 4 եւ ավելի նիշերի համընկնումով ՀԴՄ կտրոն ներկայացնող 300 քաղաքացիներին` գործարքի արժեքից ելնելով:




























