ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը ողջունել է դիտորդների առկայությունը Ռուսաստանի ընտրություններում:
Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում նա նկատել է, որ ուրախ է, թե ԺՀՄԻԳ-ի եւ այլ մասնակից երկրների հետ իրականացվել է դիտորդական առաքելությունը 8 տարի տեւած ընդմիջումից հետո, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Վիլնյուսից:
Աժուբալիսի խոսքով, դա ինչ-որ բան նշանակում է: Նա հիշեցրել է, որ առաքելության արդյունքներով, արդեն հրապարակվել է հայտարարությունը, իսկ զեկույցը պատրաստվելու է 2 ամսվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, Աժուբալիսը հրաժարվել է մեկնաբանել ընտրությունների արդյունքները` ընդգծելով, թե կարեւոր է ոչ թե արդյունքը, այլ գործընթացը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե հաճախ գործընթացն ազդում է արդյունքի վրա:
Նա նշել է, թե վաղը նախատեսված է ԺՀՄԻԳ ղեկավար Յանեշ Լենարչիչի ասուլիսը, ով մանրամասն կպատասխանի հարցերին:




























