Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից 2 օր առաջ ձերբակալված 16 մարմնավաճառները փրկվել են զոհ գնալուց, քանի որ իրենց «աշխատանքի վայրը» երկրաշարժի հետեւանքով հողին է հավասարվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Վանի Արճեշի շրջանի ոստիկանությունը ավերիչ երկրաշարժից 2 օր առաջ ձերբակալել էր Արճեշի մի հյուրանոցում մարմնավաճառությամբ զբաղվող 16 կնոջ, 16 հաճախորդի, 6 միջնորդի եւ հյուրանոցի 2 աշխատակցի։  Երկրաշարժի օրը ձերբակալվածներին մեքենայով տանելիս են եղել դատարան երբ սկսվել են ցնցումները։ Երկրաշարժի պահին ձերբակալվածներով մեքենան անցել է այն հյուրանոցի մոտով, որտեղ որ կանայք զբաղվել են մարմնավաճառությամբ։   Ադրբեջանցի, ռուս եւ վրացի կանայք տեսել են, թե ինչպես է գետնին հավասարվում իրենց «աշխատավայրը»։

Ձերբակալության շնորհիվ փրկված կանայք արտասվելով շնորհակալություն են հայտնել ոստիկաններին։

Նշվում է, որ երկրաշարժի պահին  հյուրանոցում գտնված 9 հոգին էլ զոհվել են։