Հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ռուսական զորքերը գրոհել են Խարկովը ավիացիոն ռումբերով, որոնցից մեկը հարվածել է հինգ հարկանի բնակելի տանը, տեղեկացրել է Խարկովի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա խոսքով՝ ականն ընկել է երրորդ եւ չորրորդ հարկերի միջեւ, ինչից հետո շենքում հրդեհ է սկսվել։ Տան կողքին այրվել են տասը մեքենաներ։ Հարվածի հետեւանքով տուժել է 12 մարդ, այդ թվում եռամյա երեխա։ Հինգ տուժած հոսպիտալացվել է։
Փրկարարները տարհանել են բնակելի շենքի, ինչպես նաեւ հարեւան տների բնակիչներին։ «Կոտրվել են ապակիները, անջատվել է էլեկտրականությունը։ Կկազմակերպվի կետ, որտեղ բնակիչները կկարողանան տաք թեյ խմել եւ մի բան ուտել»,- տեղեկացրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ բոլոր ցանկացողները տուժածների թվից տեղեր կստանան քաղաքային հանրակացարաններում։ Նշվել է, որ տունը, որը հարվածի է ենթարկվել, գտնվում է քաղաքի Կիեւյան շրջանում։
Խարկովի դատախազության տվյալներով՝ քաղաքի վրա արձակվել է հինգ կառավարվող ավիառումբ։ Երկու ավիացիոն ռումբ ընկել է քաղաքի արվարձանում՝ Դերգաչովում, եւս երեքը հասել են Խարկով։ Դրանցից մեկը հարվածել է բազմահարկին, երկուսն ընկել են բաց տեղանքում, քաղաքի Շեւչենկոյի շրջանում։
«Որպեսզի ռուսական հարվածները դադարեն, Ուկրաինան պետք է ստանա անհրաժեշտ օգնություն աշխարհից, գործընկերներից։ Կարեւոր է վճռական լինել»,- հարվածը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մինչ այդ ռուսական զորքերն ավիառումբով հարվածել էին բնակելի երկհարկանի տանը Խարկովում սեպտեմբերի 23-ին։ Այդ ժամանակ զոհվել էր երեք մարդ, 31 հոգի վիրավորվել էր։





























