Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վերջին շրջանում հիպերակտիվություն է դրսեւորում` մեկնաբանելով ինչ պատահի, ընդ որում` ամենուր փորձում է քննադատել գործող իշխանություններին: Այդ համատեքստում պետք է դիտարկել այն հայտարարությունը, թե Հայաստանն ու Աջարիան կապող ուղիղ ավտոճանապարհի կառուցումը Վրաստանում կարող է ժողովրդագրական խնդիր առաջացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին` մեկնաբանելով Շեւարդնաձեւի նշված հայտարարությունը:
«Նա չափազանց շատ մեկնաբանություններ, գնահատականներ է տալիս, ընդ որում` դրանք ոչ միշտ են ադեկվատ: Հավանաբար, պատճառներց մեկը տարիքն է...Շեւարդնաձեն հանգստի մեջ է, եւ, ըստ ամենայնի, ջանում է ռեւանշի հասնել գործող իշխանությունների նկատմամբ: Նրա մեջ վիրավորանքն է խոսում»,-նշեց Ռոնդելին` ընդգծելով, որ ոչ մի էական գնահատական Շեւարդնաձեի խոսքերի տակ պետք չէ փնտրել: «Այդ հայտարարությանն ընդհանրապես պետք չէ ուշադրություն դարձնել»,-եզրափակեց զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Շեւարդնաձեն հայտարարել էր, թե սպառնալիք է տեսնում Հայաստանն ու Աջարիան կապող ուղիղ ավտոճանապարհի կառուցման մեջ: «Այդ նախագիծը Վրաստանում կարող է ժողովրդագրական խնդիրների հանգեցնել»,-հայտարարել էր նա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել էիրն ավտոճանապարհի կառուցմանն առնչվող մի շարք հարցեր: Նրանք պայմանավորվել էին արագացնել ճանպարհի կառուցման գործընթացը: Վրաստանի նախագահ Սահակաշվիլին նշել էր, թե դա կավելացնի Հայաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը:




























