Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ադրբեջան 2020. հայացք ապագային» վերտառությամբ հայեցակարգ է մշակում, իսկ դա նշանակում է, որ նա անցում է կատարում նախագահության 7-ամյա համակարգի: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ  նմանօրինակ հայեցակարգերով իշխող քաղաքական ուժը, իսկ ավելի ստույգ նախագահ Ալիեւը արտահայտում է դեռ երկար ժամանակ իշխանության գլուխ մնալու իր «պատրաստակամությունը»: Սակայն անհասկանալի է թվում, թե ինչու է Ադրբեջանի ներկայիս նախագահը ծրագրեր կազմում կապված հենց 2020 թվականի հետ:

«Եթե նույնիսկ Իլհամ Ալիեւն իր թեկնածությունն առաջադրի 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ եւ վերընտրվի, ապա հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2018-ին: Վերոնշյալ 2020-ը չի համընկնում նաեւ Ադրբեջանի պատմության նշանակալից իրադարձությունների հոբելյանական տարեթվերի հետ: Օրինակ, 2018-ին կլրանա Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադրման հարյուր տարին, անկախության հռչակման 30-ամյակը 2021-ին է, իսկ Հեյդար Ալիեւի իշխանության գալու հոբելյանական տարեթիվը`30-ամյակը, կրկին լրանում է 2023-ին: Այդ դեպքում ինչո՞ւ 2020-ը»,-գրում է թերթը:

Վկայակոչելով ներիշխանական հավաստի աղբյուրները` «Ենի Մուսավաթ»-ը գրում է, որ «կենտրոնը» նախապատրաստվում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Այդ փոփոխութունների արդյունքում տեղի կունենան մի շարք բարեփոխումներ, որոնք պահանջում է ընդդիմությունը: Միաժամանակ նախատեսվում է վերանայել նախագահի ընտրման կարգը` երկարաձգել նախագահի լիազորություններ ժամկետը` 5 տարվա փոխարեն դարձնելով 7 տարի: Նման հանգամանքերում հասկանալի է դառնում, թե ինչու է Իլհամ Ալիեւը ծրագրեր գծում 2020-ի համար, եզրափակում է «Ենի Մուսավաթ»-ը: