Հարձակում է կատարվել Հարավային Օսիայի գլխավոր դատախազ Թեյմուրազ Հուգաեւի բնակարանի վրա. այն գնդակոծել են նռնականետով, ոչ ոք չի տուժել:

Կրակոցների պահին Հուգաեւը կնոջ եւ երեխաների հետ տանն են եղել: Նա պատմել է, որ հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան: Այն ենթադրաբար կատարվել է հակատանկային նռնականետից:  Տան պատին 20-30 սմ չափով անցք է գոյացել, մի քանի բնակարանների ապակիները փշրվել են: Գլխավոր դատախազի թիկնապահի տվյալներով` կրակողը գտնվել է հարեւան շենքի անկյունում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գլխավոր դատախազը նշել է, որ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել հնարավոր հարձակման մասին, եւ ինքը տեղյակ է, թե ով է այդ ամենի թիկունքում կանգնած, բայց նա անուններ չի հայտնել` քննության շահերից ելնելով, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ներկա պահին դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք հետաքննական գործողություններ են իրականացնում:

Հարավային Օսիայի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին տվյալ դեպքը գնահատել է իբրեւ «լավ ծրագրված սադրանք»` ուղղված   «Հարավային Օսիայի իրավիճակը սրելուն»:

Դեկտեմբերի 5-ի երեկոյան Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան պահանջել էր փոխել բանակցությունների միջնորդին: Նա հայտնել է, որ իր բանակցություններն իշխանությունների հետ արդյունք չեն տվել, քանի որ Էդուարդ Կոկոյտին «չի հրաժարվում ապօրինի գործողություններից», որովհետեւ վայելում է Մոսկվայի աջակցությունը: Հիշեցնենք, բանակցությունների միջնորդի դերում հանդես է գալիս ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վինոկուրովը:

Այսօր Հարավային Օսիայի Գերագույն դատարանը պետք է ուսումնասիրի Ջիոեւայի բողոքը` ուղղված նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դատարանի վճռի դեմ: