Մոսկվայի ոստիկանությունը ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 300 մարդ է ձերբակալել: Այս մասին հաղորդում են Մոսկվայի իրավապահ մարմիններից:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան` ուղղված ՌԴ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, սկսվել է դեկտեմբերի 5-ին, տեղի ժամանակով 19:00-ին: Տարբեր գնահատականներով, ակցիային մասնակցել է 2-8 հազար մարդ: Ակցիայի մասնակիցները կասկածի տակ են դնում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Պետական դումայի ընտրությունների արդյունքները:
Ձերբակալվածների շարքում են հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, քաղաքական գործիչ Իլյա Յաշինը եւ լրագրող Իլյա Բարաբանովը:
«Սոլիդարնոստ» շարժման մամուլի քարտուղար Օլգա Շորինան «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Իլյա Յաշինը եւ Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել են Մոսկվայի ոստիկանության բաժիններից մեկը, դեռ հայտնի չէ, թե նրանք ինչում են մեղադրվում:
Նա հավելել է, որ «որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, չինական թաղամասի ոստիկանության բաժնում են գտնվում ավելի քան 10 ձերբակալված ակտիվիստներ, որոնց մեղադրում են «ոստիկանությանը չենթարկվելու» մեջ: Այդ մեղադրանքով նրանց սպառնում է 15 օրվա կալանք:
Ձերբակալվածների շարքում են հայտնվել նաեւ Bloomberg-ի եւ Reuters-ի թղթակիցները, որոնց ավելի ուշ բաց են թողել, հաղորդում է BFM.RU-ն:




























