Ստամբուլում կայացած սեւծովյան էներգետիկ ֆորումում քննարկվել են Ռուսաստանը շրջանցող գազային նախագծեր, որոնք կարող են խանգարել «Հարավային հոսք» նախագծին: Վերջինս ենթադրում է Ռուսաստանից Սեւ ծովի հատակով գազի մատակարարում Եվրոպային:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը Ստամբուլում հայտարարել է Ռուսաստանը շրջանցող գազատարի նախագծի մասին, որը գազը Կասպյան ավազանից կհասցնի Եվրոպա: Տարեկան 16 մլրդ խմ հզորությամբ այդ գազատարը Թուրքիայի լեռնային շրջաններով կհասնի Միջերկրական ծով ու Բալկաններ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ադրբեջանական գազի Բուլղարիային վաճառքի առաջին չափաքանակն արդեն ձեւակերպվել է Բաքվում. այն կանցի ոչ թե «Հարավային հոսքով»,- այլ Թուրքիայի տարածքով: Բուլղարիայի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարներն արդեն պայմանավորվել են բուլղարա-թուրքական գազամուղ ստեղծելու շուրջ:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը գազի մատակարարումների ու տարանցման ադրբեջանա-թուրքական պայմանագիրը շատ ձեռնտու է համարել գնային առումով: Միաժամանակ, Անկարան պահանջում է Ռուսաստանից նվազեցնել գազի սակագները եւ արդեն կրճատել է ռուսական գազի ներկրումը:
Բայց Բուլղարիան չի հրաժարվում նաեւ ռուսական նախագծից. Նախորդ շաբաթ Բուլղարիայի իշխանությունները «Հարավային հոսք»-ն ազգային նշանակության նախագծի կարգավիճակ են շնորհել: Թերթը հիշեցնում է, որ Բուլղարիայի մասնակցությունը «Հարավային հոսք» նախագծում երկար ժամանակ հարցականի տակ էր: Շուրջ մեկ տարի բուլղարական իշխանությունները հակասական հայտարարություններ էին անում եւ միայն 2010-ի հուլիսին Ռուսաստանն ու Բուլղարիան ճանապարհային քարտեզ ստորագրեցին` «Հարավային հոսքի» տեղի հատվածը կառուցելու համար:
Ռուսական գազային ընկերակցության նախագահ Վալերի Յազեւը պնդում է, որ Ռուսաստանը շրջանցող գազատարները բավարար ծավալի գազ չունեն եւ դա գլխավոր ռիսկն է Եվրամիության համար:




























