Անհրաժեշտ է գործի դնել ԼՂ շփման գծում միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմները: Այս մասին Վիլնյուսում բացված ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
Խոսելով ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների մասին` Աժուբալիսը ողջունել է վեցամյա ընդմիջումից հետո մերձդնեստրյան հակամարտության բանակցությունների վերսկսումը: Նա ընդգծել է Վրաստանում հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին եւ կարեւորել ժնեւյան քննարկումների դերը, Վիլնյուսից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, անհրաժեշտ է գործի դնել ԼՂ շփման գծում միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմները: Դա թույլ կտա նվազեցնել լարվածությունը», - ընդգծել է Աժուբալիսը:
Հիշեցնենք, որ միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2010թ. հոկտեմբերին Աստրախանում, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում:




























