Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճն այսօր` դեկտեմբերի 6-ին, սովորականից մարդաշատ է` դահլիճում են գտնվում 131 պատգամավորներից 96-ը: Ներկայանալու շարժառիթն այսօր ԱԺ նոր նախագահի ընտրությունն է:
Երեկ ՀՀԿ խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է ներկայիս փոխխոսնակ Սամվել Նիկոյանին, իսկ «Ժառանություն» խմբակցությունը` Լարիսա Ալավերդյանին:
Այն պահին, երբ նիստը վարող Սամվել Նիկոյանը ազդարարեց ԱԺ նիստի մեկնարկը, ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ դեռ միջանցքներում էին, որոնք աստիճաններով սլացան դեպի նիստերի դահլիճ: Ուշացումը Նիկոյանի աչքից չվրիպեց. «Բայց ի՞նչ կլիներ, եթե մի րոպե շուտ գայիք»:
Այնուհետեւ Սամվել Նիկոյանն, այնուամենայնիվ, թույլ տվեց նրանց գրանցվել:




























