ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ դատական գործընթացի քաղաքական ենթատեքստի մասին:
Վիլնյուսում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ելույթ ունենալով` պետքարտուղարն ընդգծել է, որ կազմակերպության երկրների տարածքում մարդու իրավունքների ոտնահարման, կանանց նկատմամբ բռնությունների, մարդկանց առեւտրի, ընտրական գործընթացների խախտումների դեպքեր են գրանցվում: Այս ենթատեքստում Քլինթոնը նշել է Յուլիա Տիմոշենկոյի գործի քաղաքականացվածությունը: Ըստտ նրա` լիազորված մարմինների նման պահվածքը վստահություն չի ներշնչում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ չորս քրեական գործ է հարուցվել: Մեղադրանքները վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ Տիմոշենկոն ղեկավարել է «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» կորպորացիան` 1996-97 թվականներին: Այդ գործերը կարճվել էին 2000 թվականների սկզբին:
Քրեական գործերից մեկը վերաբերում է «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» ընկերության` Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն ունեցած պարտքին: Պարտքը կազմում է մի քանի միլիոն դոլար: Բացի այդ, Տիմոշենկոյին մեղադրել են գազի մաքսանենգության, հարկերից խուսափելու եւ կոռուպցիայի մեջ:
Հոկտեմբերի 11-ին դատարանը վճիռ էր կայացրել Տիմոշենկոյի գործով ծառայողական լիազորությունների վերազանցման մեղադրանքով: Տիմոշենկոյին դատապարտել էին յոթ տարվա ազատազրկման` եւս երեք տարի պետական պաշտոն զբաղեցնելու արգելքով:




























