Հայաստանի Ազգային ժողովում այսօր` դեկտեմբերի 6-ին ընթացող նախագահի ընտրությունների ժամանակ զավեշտալի միջադեպ է գրանցվել: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հանրապետականներին մեղադրել է խորհրդարանի խոսնակի ընտրությունների ժամանակ ընտրակեղծիք անելու մեջ:
Բանն այն է, որ ըստ Անահիտ Բախշյանի, ԱԺ նախկին նախագահ, հանրապետական պատգամավոր Հովիկ Աբրահամյանը չէր գրանցվել նիստերի դահլիճում, սակայն նրա անվան դիմաց նշում էր արված եւ նա մասնակցել է խոսնակի ընտրություններին:
Անահիտ Բախշյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջեւ բավական երկար ժամանակ վիճաբանություն ընթացավ, որի ժամանակ Բախշյանը պնդում էր, որ կեղծիք է տեղի ունեցել եւ քվեարկել են Հովիկ Աբրահամյանի փոխարեն:
Իրավիճակը հանգուցալուծվեց նրանով, որ այդ պահին քվեարկության սեղանին մոտեցավ ինքը` Հովիկ Աբրահամյանը: Նա խորհուրդ տվեց Անահիտ Բախշյանին այսուհետ պատգամավորներին գլուխներով չհաշվել, որն առաջ բերեց ներկաների ծիծաղը:
Լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել են, թե ում է ընտրել ԱԺ նախագահ, ինչին ի պատասխան նա ասել է` Սամվել Նիկոյանին, քանի որ նման որոշում է կայացրել ՀՀԿ-ն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բախշյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ նիստերի դահլիճում շատ ավելի քիչ մարդ կա, քան մասնակցում են քվեարկություններին, հավելելով, որ ինքը հաշվել է ներկաների գլուխները:




























