Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը իր կնոջը չի հանձնել հարցաքննության ծանուցագիրը, քանի որ, ըստ նրա դա կհակասեր միջազգային նորմերին:

Լուժկովը «ծանուցագիրը բերել է Լոնդոն, որտեղ գտնվում է Բատուրինան, ասել է, որ այն իր մոտ է, սակայն առձեռն չի հանձնել», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գազետա.ru-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Լուժկովը ասել էր, թե կնոջն է տվել ծանուցագիրը «Մոսկվայի բանկի» գործով: Նախկին քաղաքապետը մեջբերել էր Ելենա Բատուրինայի խոսքերը, թե քննիչները խախտել են ծանուցագրերի հանձնման ընթացակարգը:

Այժմ Ելենա Բատուրինան գտնվում է արտերկրում եւ հարկադիր կարգով չի կարող բերվել հարցաքննության: Լուժկովը Մոսկվա էր ժամանել հարցաքննության համար, եւ հարցաքննության ժամանակ նրան ծանուցագիր էին տվել կնոջ անունով: