Ձգձգվող հակամարտությունները կարգավորելու անկարողությունը թուլացնում է ԵԱՀԿ-ի նկատմամբ վստահությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հանդես գալով Լիտվայի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
Խնդրի կարգավորման գործիքների ընդլայնումը չի կարող փոխարինել քաղաքական որոշումների բացակայությանը:
Նրա խոսքով, Թուրքիան պատրաստ է ներդրում ունենալ ձգձգվող հակամարտությունների լուծման հարցում միասնության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիմքի վրա:
Ինչպես Վիլնյուսից հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, Թուրքիայի ԱԳ նախարարը խոսելով ղարաբաղյան խնդրից, նշել է, որ Մինսկի խմբի մի շարք նախաձեռնություններ դեռ չեն տվել ցանկալի արդյունք:
Խոստովանելով Մինսկի խմբի դրական ջանքերը, Դավութօղլուն միաժամանակ ընդգծել է համանախագահների ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Նա նաեւ նշել է Մերձդնեստրյան հակամարտության բանակցությունների շարունակման կարեւորությունը:




























