Ազգային ժողովի նախագահ ընտրելու համար այսօր` դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողով էր եկել խորհրդարանում հազվադեպ երեւացող գործարար պատգամավորներից Լեւոն Սարգսյանը («Ալրաղացի Լյով»):

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքին, նա նշեց, որ եթե որոշել են, ուրեմն մի բան գիտեն, ապա ավելացրեց. «Ես թիկնապահ չունեմ, բոլորին լարել եմ»:

Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի, թե առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, նա պատասխանեց, որ կմտածի եւ արագ հեռացավ:

Նշենք, որ Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճն այսօր` դեկտեմբերի 6-ին, սովորականից մարդաշատ է` դահլիճում են գտնվում 131 պատգամավորներից 96-ը: Ներկայանալու շարժառիթն այսօր ԱԺ նոր նախագահի ընտրությունն է: ՀՀԿ խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է ներկայիս փոխխոսնակ Սամվել Նիկոյանին, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը` Լարիսա Ալավերդյանին: