Հայաստանի Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 6-ին, խորհրդարանի նոր խոսնակ է ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նիկոյանը, նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը:

ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հրապարակել է ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել է 106 պատգամավոր, Լարիսա Ալավերդյանին կողմ է քվեարկել 4 պատգամավոր, իսկ Սամվել Նիկոյանին` 102 պատգամավոր:

Ներկա էին «Ժառանգության» 4 պատգամավորները` Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ Լարիսա Ալավերդյանը, ովքեր էլ հենց, ըստ ամենայնի, կողմ են քվեարկել Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը:

Իրեն ընդդիմադիր համարող Դաշնակցությունը կողմ է քվեարկել Սամվել Նիկոյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածություն` Սամվել Նիկոյանի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի:

Նախատեսվում է, որ այսօր երեկոյան ժամը 18:30-ին հրավիրվի արտահերթ նստաշրջան, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ կընտրվի Էդուարդ Շարմազանովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խորհրդի դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացվել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը:

Սամվել Նիկոյանի կենսագրական տվյալները

Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզում):

1982թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Ինժեներ-մեխանիկ:

1982-1990թթ. աշխատել է Երեւանի հիդրոապարատների գործարանում ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1995թ.` Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի բաժնի վարիչ, 1998-2003թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ:

2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:

2008 թվականից ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության նախագահն է:

2009թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

2005թ. պարգեւատրվել է ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով, իսկ 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: