Նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 5-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած խոշոր վթարից: Պարզվել է, որ վթարի ենթարկված «Միթսուբիշի Պաջեռո»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 21:00-ի սահմաններում Աղայան փողոցում` 10-րդ դպրոցի հարեւանությամբ միմյանց էին բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 36 ԼՏ 860 համարանիշի եւ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 06 ԼՏ 330 համարանիշի ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներից երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «Միթսուբիշի Պաջեռո»-ի 2 ուղեւորները դեպքի վայրից դիմել էին փախուստի:
Հայտնի է դարձել, որ կեսգիշերին մակերեսային վնասվածքներով Վանաձորի նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ «Միթսուբիշի Պաջեռոյի» ուղեւոր Սասուն Ալավերդյանը: Ստանալով ամբուլատոր բուժօգնություն, նա դուրս է գրվել:
Հիվանդանոցից մեզ փոխանցեցին նաեւ, որ Պաջեռոյի ուղեւորը եղել է ոչ սթափ վիճակում:
Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի վնասվածքաբան Գեւորգ Քարամյանը պարզաբանումներ տվեց նաեւ ավելի վաղ այնտեղ տեղափոխված «ՎԱԶ-2106»-ի ուղեւորների մասին: Նա փոխանցեց, որ նշված մեքենայի վարորդն ստացել է ազդրերի կոտրվածք, պատրաստվում է վիրահատության, մեքենայի ուղեւորուհու վիճակը գնահատվում է բավարար: Նշենք, որ այս 2 ուղեւորներն ամուսիններ են:
Գործով զբաղվում է Լոռիի մարզային քննչական բաժինը, որտեղից էլ մեզ հայտնեցին, որ արդեն հայտնաբերվել է «Միթսուբիշի Պաջեռոյի» վարորդը, վերջինս կին է` Մարինե Ալավերդյանը:
Կատարվում է քննություն:




























