Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, դեկտեմբերի 5-ի երեկոյան, Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Եվրամիության փրկության 8 մետից բաղկացած պլանը: Նրանք դեկտեմբերի 7-ին իրենց գրավոր հայտարարությունը կուղարկեն Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյին, իսկ արդեն դեկտեմբերի 8-ին այդ պլանը կքննարկեն ԵՄ գագաթաժողովում:
Եվրամության փրկության պլանը նախատեսում է նոր, ավելի խիստ վերահսկողություն ֆինանսների նկատմամբ, գրում է «Իզվեստիան»:
Ստորեւ ներկայացնում ենք ԵՄ-ի փրկության պլանի դրույթները, որն արդեն անվանում են «Մերկոզի» (Սարկոզի եւ Մերկել անվանումների միասնությունից):
1. ԵՄ նոր հիմնարար համաձայնագրերի կնքում,
2. Նոր համաձայնագրերը պետք է ներառեն ավտոմատ պատժամիջոցների կիրառում բյուջետային կանոները խախտողների համար,
3. Եվրոյի գոտու 13 պետություններ պետք է իրենց ազգային Սահմանադրություններում դրույթներ ներառեն, որոնք կարգելեն թույլատրելի մակարդակից ավելի շատ պետական պարտքեր վերցնելը: Պետք է ստեղծվի հատուկ եվրոպական մարմին, որն իրավունք կունենա վերահսկել նրանց ազգային բյուջեները,
4. Եվրոպական կայունացման մեխանիզմը պետք է ստեղծվի 2012-ի վերջին, այլ ոչ թե 2013-ի կեսերին, ինչպես նախատեսվում էր նախկինում,
5. Հատուկ ծանր դեպքերում հնարավոր է մասնավոր բանկերի ու ապահովագրական ընկերությունների մասնակցություն առանձին երկրների պարտքային խնդիրների լուծմանը, բայց միայն ԱՄՀ-ի կանոնների համաձայն,
6. Եվրոպական կենտրոնական բանկը կպահպանի իր անկախ դիրքը,
7. Եվրագոտու միասնական պարտատոմսեր` եվրաբոնդեր չեն լինի. դա ճգնաժամից դուրս գալու ելք չէ,
8. ԵՄ երկրների ու կառավարությունների ղեկավարները պետք է պարբերաբար հանդիպեն այսպես կոչված եվրոպական «տնտեսական կառավարության» շրջանակներում:



























