ԻԿՕՄՕՍ-ի 17-րդ Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել Անիի Մայր տաճարի եւ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Ի. Բոկովայի հովանու ներքո, ինչպես նաեւ ԻԿՕՄՕՍ/Ֆրանսիայի հրավերով 2011թ. նոյեմբերի  28-ից դեկտեմբերի 2-ը  Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստավայրում իր 17-րդ Գլխավոր ասամբլեան գումարել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը:

109 երկրների 1120 պատվիրակներ լիագումար նիստերով ընթացող Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին զուգահեռ մասնակցել են նաեւ «Ժառանգությունը զարգացման շարժիչ» գիտաժողովին: Գլխավոր ասամբլեան բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխ. տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Ֆրանչեսկո Բանդարինի ողջույնի խոսքով. անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ԻԿՕՄՕՍ գործընկերությանը նա մասնավորապես ընդգծել է, որ ժառանգությունը կարող է փրկել միայն համատեղ աշխատանքը: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանի ողջույնի ուղերձը ժառանգության պահապանների լսարանին փոխանցեց Ֆրանսիայի մշակույթի նախարարության ժառանգության տնօրեն Ֆիլիպ Բելեվալը: Ուղերձում մասնավորապես ասված էր, որ «...Փարիզն այսօր, առավել քան երբեւէ, ժառանգության պրոֆեսիոնալների համար փորձի լաբորատորիա է, բարենպաստ տարածք` մշակութային փոխանակումների համար»:

Գլխավոր ասամբեայի բացումն ավարտվել է ԻԿԿՌՕՄ-ԻԿՕՄՕՍ համաձայնագրի ստորագրմամբ` ցուցադրելով ժառանգության մասնագիտացված միջազգային կառույցների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:

Գլխավոր ասամբլեան լսել է ԻԿՕՄՕՍ-ի նախագահ Գուստավո Առաոզի, գործադիր կոմիտեի եւ գլխավոր գանձապետի 2008-2011թթ. եռամյա հաշվետվությունները եւ հավանության արժանացրեց դրանք:

«Ժառանգությունը զարգացման շարժիչ» գիտաժողովը, որն ընթանում էր 4 ենթաթեմաներով ( ժառանգությունը եւ տարածքային զարգացումը, վերադարձ կառուցելու արվեստին, տուրիզմը եւ զարգացումը, ժառանգությունը եւ տնտեսությունը) ժառանգության պահապանների ստվար լսարանին ներկայացրեց շուրջ 65 զեկուցումներ` աշխարհի ամենատարբեր անկյուններում ժառանգության պահպանության հաջողված կամ ձախողված փորձի վերաբերյալ:

Գլխավոր ասամբլեան ընտրել է ԻԿՕՄՕՍ-ի նոր նախագահ, 5 փոխնախագահներ, գործադիր կոմիտեի 12 անդամներ եւ հաստատեց 2012-2014թթ. կազմակերպության ռազմավարությունը:  Գլխավոր ասամբեան եւ գիտաժողովը ավարտվեցին  Փարիզի հռչակագրի ընդունմամբ` նշելով ժառանգության, որպես զարգացման շարժիչի, ինչպես նաեւ մշակույթի` որպես տեւական զարգացման  մարտկոցի    դերը: Հռչակագիրը շեշտադրում է ժառանգության պահպանության գործում տեղական համայնքների, ներգրավվածության, մասնագիտացված կրթության, իրավական շրջանակի կատարելագործման,  գիտահետազոտական աշխատանքի եւ համագործակցության դերը:

Գլխավոր ասամբլեան ավարտվեց ԻԿՕՄՕՍ/Ճապանիայի անդամ Նոբուո Իտոյին Պիեռո Գազզոլայի մրցանակի շնորհմամբ, որը, ի հիշատակ ԻԿՕՄՕՍ-ի հիմնադիրներից Պ. Գազզոլայի,  1979 թվականից տրվում է ժառանգության բնագավառում մեծ ավանդ ունեցող  որեւէ պրոֆեսիոնալի:  2012-2014թթ. համար ԻԿՕՄՕՍ-ի նախագահ է վերընտրվել Գուստավո Առաոզը /ԻԿՕՄՕՍ/ԱՄՆ/:

Գլխավոր ասամբլեան քննարկեց եւ ընդունեց 41 բանաձեւեր, որոնք վերաբերում էին  ինչպես կազմակերպական եւ տեսական, այնպես էլ ժառանգության պահպանության առանձին դեպքերի: «Ժառանգության սպառնալիքներ» բաժնում ընդունվել է նաեւ ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից առաջարկված բանաձեւը` Անիի Մայր տաճարի եւ Ամենփրկիչ եկեղեցու վերաբերյալ: Բանաձեւի քվեարկության ժամանակ թուրք պատվիրակ, Ստամբուլի Յիլդիզի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Կան Բինանը հանդես է եկել առաջարկով` բանաձեւում ներառել առանձին պարբերություն` Հայաստանի կողմից Անիի քարհանքում պայթեցումները դադարեցնելու պահանջով:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար Հասմիկ Ազիզյանը, ով 17-րդ Գլխավոր ասամբլեայում ներկայացնում էր ԻԿՕՄՕՍ/Հայաստանը, ի պատասխան թուրք գործընկերոջ առաջարկի հանդես է եկել ելույթով եւ տեղեկացրել, որ քարհանքի շահագործումը դադրեցված է, ինչպես նաեւ կոչ է արել պատվիրակներին քվերակել Հայաստանի բանաձեւի  օգտին:  Գլխավոր ասամբեան հավանության չի արժանացրել թուրք պատվիրակի առաջարկը եւ դահլիճի բացարձակ մեծամասնությամբ ընդունվել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի առաջարկած բանաձեւը, որի տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորեւ.

ԻԿՕՄՕՍ-ի 17-րդ Գլխավոր ասամբլեան Նկատի ունենալով սահմանից դուրս գտնվող ժառանգությունների վերաբերյալ ԻԿՕՄՕՍ-ի 15-րդ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 26-րդ բանաձեւը եւ ՅՈՒՆԵՍԿՕ - Հուշարձանների համաշխարհային հիմնադրամ /WMF/ պաշտոնական գործընկերությունը,

Նկատի ունենալով գալիք սերունդներին ժառանգության անխաթար եւ ամբողջական  փոխանցման կարեւորությունը եւ հաշվի առնելով այն, որ ժառանգությունը ներկայացնում է բազմազան  ու բազմակի հարթություններ` ինչն անհարժեշտ է դարձնում, որ այն  ճանաչվի որպես ընդհանուր արժեք,

Ճանաչելով պատմական քաղաքների պահպանության անհրաժեշտությունը` որպես  մարդկային տարբեր հասարակությունների կողմից ստեղծված մշակութային եւ նյութական բազմազանության արտահայտություն,

Նկատի ունենալով այն փաստը, որ դրանց մեծ մասը աստիճանական անկման պատճառով  սպառնալից վիճակում է եւ հաճախ ենթարկված է  անդարձունակ ավերման,

Ճանաչելով Անիի, միջնադարում Բագրատունիների հայկական թագավորության  մայրաքաղաքի`  որպես միջնադարյան քաղաքաշինության բացառիկ օրինակի մեծ արժեքը եւ հաշվի առնելով այն, որ քաղաքն այս տարի նշում է իր հիմնադրման 1050-րդ տարեդարձը,

Նկատի ունենալով նաեւ Անիի ուշագրավ ժառանգության պահպանության եւ պաշտպանության ուղղությամբ Անիի Մայր տաճարի եւ Ամենփրկիչ եկեղեցու ամրակայման եւ վերականգնման հրատապ  միջոցների անհրաժեշտությունը,

Նշելով, որ այդ միջոցների ձեռնարկումը հաստատվել է հատկապես թուրքական իշխանությունների եւ WMF-ի միջեւ գործընկերային համաձայնությամբ,

Նպատակ ունենալով մասնագիտացված պրոֆեսիոնալների, ներառյալ միջնադարյան հայ ճարտարապետության միջազգային մասնագետների, միջոցով աջակցել վերականգման աշխատաքներում բարձր որակի եւ արդյունավետության ապահովմանը,  ինչպես նաեւ ընձեռելով  կիսված ժառանգության պահպանության հաջողված փորձի հնարավորություն,

Որոշում է. դիմել ԻԿՕՄՕՍ-ի նախագահին ` Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարության հետ, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի ու ԻԿՕՄՕՍ/Թուրքիայի, ինչպես նաեւ ԻԿՕՄՕՍ-ի համապատասխան գիտական կոմիտեների, WMF-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ, կազմել միջազգային մասնագետների խումբ հետեւյալ նպատակով.

ա/ ազգային եւ միջազգային կոմիտեներից, ներառյալ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային կոմիտեները, մասնագետների խմբի միջոցով խրախուսել պահպանության եւ վերականգնման պրոֆեսիոնալ պարտավորությունը` Անիի մայր տաճարի եւ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքներում (Արեւելյան Անատոլիա, Թուրքիա) եւ,

բ/ այս միջազգային համագործակցության արդյունքները դարձնել մատչելի` որպես ժառանգության պահպանության եւ պաշտպանության բնագավառում համագործակցության ու փոխըմբռնման օրինակ»: