Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը չորս կարեւոր պայմանն է առանձնացրել Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու համար, որից հետո ոչ միայն իշխանությունը պարտադրված կլինի արդար ընտրության անցկացման համար կամք ցուցաբերել, այլեւ որեւէ մեկը չի ձգտի իշխանությունը նվաճել բռնաճնշման կամ փողի իշխանության գործադրման միջոցով: Այս մասին նա նշել է այսօր` դեկտեմբերի 6-ին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի քննարկման ժամանակ:
Պատգամավորը հիշեցնելով ՀՅԴ-ի «Քվեն ուժ է» նախաձեռնության մասին, առանձնացրել է հետեւյալ կետերը. «Առաջին. ընտրությունների օրը մարդիկ 20 րոպե ժամանակ պետք է տրամադրեն եւ մասնակցեն ընտրություններին, որպեսզի թույլ չտրվի, որ չմասնակցողների փոխարեն այլ մարդիկ ընտրեն: Երկրորդ. 2 հազար տեղամասում 10-20 անձ ունենալ, որպեսզի որեւէ օլիգարխ, հաստավիզ չթելադրի իր խաղի կանոնները: Այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում միջամտել գործընթացին, ինչը օրենքով արգելված չէ: Երրորդ. իրավական ուղեկցումն ապահովվի ընտրական գործընթացում, քանի որ ունեցել ենք ընտրություններ, երբ հասարկությունը պարտվել է, չունենալով բավարար իրավական ապացույցներ: Եվ չորրորդը դա առանձին ռիսկային տեղամասերում տեսանկարահանում իրականացնելն է ամբողջ ծավալով»:
Նրա խոսքով, չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե իշխանությունն ինքնուրույն կամք կդրսեւորի արդար ընտրությունների անցկացման համար: «Կամքը պետք է պարտադրվի, ինչը կախված է մեր հասարակության յուրաքանչյուր անդամից: Այստեղ իր հերթին անհրաժեշտ է հասարակության համախմբվածությունը, քանի որ առանձին վերցրած մեկն ի վիճակի չէ, ոչ վարչական ռեսուրսի դեմ պայքարելու, ոչ էլ` փողի իշխանության»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:



























