Հոկտեմբերի 12–ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր։ Այդ օրվան ընդառաջ NEWS.am -ը փորձեց պարզել, թե որքանո՞վ են մեր երկրում պահպանվում ծխախոտի վաճառքի սահմանափակման նորմերը, և որ կառույցներն ու ինչպես են դա վերահսկում։ Մի քանի վաճառակետերում մեր դիտարկումները ցույց տվեցին, որ վաճառքում առկա են թե՛ սովորական տուփերով սիգարետներ, թե՛՝ ծխախոտի վնասակարության մասին նախազգուշացնող պատկերներով։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանում ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը։ Բացի այդ, Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ երկիր պարտավոր է առաջնորդվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով, և հենց այդ կանոնակարգի համաձայն՝ այն ծխախոտային արտադրատեսակները, որոնք Հայաստան են ներմուծվել կամ տեղում արտադրվել են 2024թ․ հունվարի 1-ից հետո, պետք է ունենան օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող պատկերներով տուփեր։ Հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվել, որ 2024 թվականի 10–րդ ամսին վաճառքում դեռ առկա են սովորական տուփերով սիգարետներ, ընդ որում՝ մեծ քանակությամբ։ Միթե՞ մինչև հունվարի 1–ը ներկրված կամ արտադրված ծխախոտը դեռ չի սպառվել։
NEWS.am–ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշեց, որ առայժմ շուկայում առկա հին տուփերով հայկական արտադրության ծխախոտը ենթադրաբար պետք է որ արտադրված լինի մինչև 2024 թվականը։ Բայց դժվար է հավատալ, որ արտադրողները և ներմուծողները մինչև հունվար այնքան ծխախոտ են արտադրել կամ ներմուծել, որ այդ քանակը մինչ օրս չի սպառվել։ Պատգամավորը կարծում է, որ այս ոլորտը պատշաճ վերահսկողության կարիք ունի։
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին ասացին, որ հարցերին կպատասխանեն գրավոր։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնեցին, որ այս հարցն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է, և հորդորեցին դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին։ Այնտեղից հաստատեցին, որ ծխախոտի տուփերի վերահսկողությունն իրականացնում է հենց իրենց մարմինը, քանի որ «այդ պատկերները համարվում են տեխնիկական կանոնակարգի պարտադիր պահանջ, մակնշում»։ Սակայն ստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար խնդրեցին դիմել գրավոր ընթացակարգով։
Հարկ է նշել, որ ծխախոտի տուփերի տեսքի վերաբերյալ հատուկ պահանջները հակածխախոտային համալիր պայքարի կարևոր բաղադրիչ են, ծխախոտի գնի աստիճանական աճի ու հանրային վայրերում ծխելու արգելքի հետ համատեղ։ Բայց հայաստանյան շուկայում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ այս հարցին մեր երկրում նույնպես պատշաճ ուշադրություն չի դարձվում, ինչպես և հանրային վայրերում չծխելու պահանջին։ Միայն ծխախոտի գինն է տարեցտարի անշեղորեն աճում։





























