ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները դեկտեմբերի 6-ին համատեղ հայտարարություն են արել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում, որն ընթանում է Վիլնյուսում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետին), նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարեւորությունը։

Հիշատակելով 2008թ. նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը, ինչպես նաեւ 2008թ. Հելսինկիում, 2009թ. Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպումներում, 2010թ. ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովում արած հայտարարությունները, հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են անհրաժեշտության հետ, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում եւ բարելավել մթնոլորտը` խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Նրանք համաձայնեցին, որ հետագա ջանքերը պետք է միտված լինեն հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների մանրամասների վրա, որը բխում է 2011 թվականի Սոչիի գագաթնաժողովում նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի  արած հայտարարությունից:

Հիշատակելով 2011թ. մայիսին Դովիլում նախագահների ընդունած հայտարարությունը, որը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ էր անում ավարտել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վրա, Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք են հայտնում, որ կողմերը ի վիճակի չեղան ձեռնարկել այդ վճռական քայլերը։

Երեք երկրների պատվիրակությունների ղեկավարները վերահաստատել են, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, եւ որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, 2009 թվականին Լ՛Ակվիլայում ու 2010 թվականին Մուսկոկայում իրենց նախագահների արած համատեղ հայտարարություններում ուրվագծված տարրերը անընդունելի ստատուս քվոն հաղթահարելով խաղաղ կարգավորման հասնելու ուղի են առաջարկում բոլոր կողմերին։

2007 թվականին Մադրիդում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպումից հետո ընթացած` այդ թվում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների լույսի ներքո, երեք պատվիրակությունների ղեկավարները կողմերին հորդորեցին շարունակել ուշադրությամբ դիտարկել առաջարկները, որ համանախագահ երկրները տրամադրել են իրենց:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բարձր են գնահատել իրենց երկրներին համընդգրկուն խաղաղ կարգավորման շրջանակի հասնելու գործում ցույց տված աջակցության համար համանախագահ երկրների ջանքերը, այդ թվում` նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի անձնական ներգրավվածությունը։ Նրանք տեղեկացրել են համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որ իրենց նախագահները պատրաստ են կրկին հանդիպել մոտ ապագայում` համանախագահ երկրների հովանու ներքո, հիմնվելով վերջին շրջանի փորձի վրա, շարունակելու ուղիղ երկխոսությունը` իրենց ժողովուրդներին խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում բերելու ուղղությամբ»: