Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ արտասանել են «ցեղասպանություն» բառը։

Գազայում տեղի ունեցող իրադարձությունները հստակ վկայություն են այն բանի, որ միջազգային համակարգը նախագծվել, օգտագործվել և գործում է որոշակի փոքրամասնության շահերից ելնելով, Անկարայում Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության կազմակերպած «Պաղեստինի ապագան» համաժողովի նիստում «Գլոբալ դիվանագիտությունը և Պաղեստինի ապագան» թեմայով հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է Anadolu գործակալությունը։

Ֆիդանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթի ժամանակ հորդանանցի գործընկեր Այման Ալ-Սաֆադին բացահայտել է Գազայի հատվածում ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ ծավալված ողբերգության մասշտաբները։

Ըստ թուրք նախարարի՝ տարածաշրջանի բնակիչները «70 տարի շարունակ անասելի տանջանքների են ենթարկվում, և միջազգային հանրությունը, արաբական և իսլամական երկրները ցուցաբերում են լիակատար անզորություն և անհաջող փորձեր՝ այս ողբերգությանը վերջ դնելու համար»։

Ֆիդանը շեշտել է, որ «ցեղասպանությունը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, իսկ միջազգային հանրությունը բացարձակապես անօգնական է և չի կարող վերջ տալ սպանություններին»։