Իսրայելի ղեկավարության դիրքորոշումը խանգարում է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի կնքմանը։ Այս մասին տեղեկացրել է Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։
«Կատարը միջնորդի դեր է կատարում հակամարտության սկզբից։ Ավելի քան մեկ տարի մենք զբաղվում ենք դրանով, բայց, ցավոք, [համաձայնությունը] պահանջում է երկու կողմի առկայություն։ Կողմերից մեկը չի ցանկանում կնքել այն։ Ինչ էլ որ մենք անենք որպես միջնորդ, արդյունքը նույնն է մնում։ Դուք գիտեք խոչընդոտների մասին։ Մանավանդ վերջին շրջանում խոչընդոտ է իսրայելական կողմը»,- ասել է նա Qatar Television ազգային հեռուստաալիքի հարցազրույցում։
Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ընդգծել է, որ չնայած Դոհայի «հետեւողականությանը, հստակ եւ հայտնի դիրքորոշմանը»՝ ի աջակցություն պաղեստինյան ժողովրդի, Կատարի կողմը որպես միջնորդ «գործում է արդարացի եւ թափանցիկ»։ Նրա խոսքով՝ Կատարը այսուհետ եւս ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման համար։
«Հաշվի առնելով Էլ-Ուդեյդ բազայի կամ այլ [օբյեկտների] առկայությունը Կատարում, Կատարը չի ընդունի, որ իր տարածքից կատարվեն ինչ-որ գրոհներ կամ [մղվեն] պատերազմներ ժողովուրդների կամ երկրների դեմ տարածաշրջանում կամ նրա սահմաններից դուրս»,- նշել է նա՝ պատասխանելով Դոհայում Էլ-Ուդեյդ ավիաբազայի օգտագործման մասին հարցին, որը համարվում է ԱՄՆ ամենամեծ ռազմական օբյեկտը Մերձավոր Արեւելքում, Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին աջակցելու համար։ Քաղաքական գործիչն ավելացրել է, որ Կատարը եւ ԱՄՆ-ը «ռազմավարական գործընկերներ են տարբեր մակարդակներում», բայց այդ հարաբերությունները չեն ազդում Դոհայի եւ Վաշինգտոնի ինքնիշխան որոշումների վրա։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը հասկանում է դա եւ չի միջամտում» Կատարի ներքին գործերին։





























