ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում արված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկությունը կյանքի կոչել չի հաջողվի. կողմերն իրենք չեն կարողանում պարզել հրադադարի ռեժիմի խախտման մեղավորին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ հայկական կողմի տեսանկյունից այդ մոտեցումն արդար չէ, քանի որ հրադադարի ռեժիմը խախտում է ադրբեջանական կողմը:
Նրա խոսքով` չի հաջողվի մշակել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մանրամասն մեխանիզմներ, քանի որ խոսքն Ադրբեջանի մասին է. «Հրադադարի ռեժիմը խախտողն Ադրբեջանն է, որը Հայաստանին, եւ ինչ -որ չափով նաեւ միջազգային հանրությանն ահաբեկելու նպատակ է հետապնդում»,-ասաց Մանոյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, Մանոյանը նշեց, որ մոտակա երկու տարիներին միջնորդների գործունեությունը կուղղվի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում կայունության պահպանմանը: Ըստ Մանոյանի` դա պայմանավորված է ՄԽ համանախագահ երկրներում ընտրություններով, ինչպես նաեւ Ադրբեջանի` ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելու հանգամանքով. «Հետեւաբար, համանախագահներին ոչինչ չի մնում անելու, քան քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նվազեցնելու համար»
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները դեկտեմբերի 6-ին համատեղ հայտարարություն են արել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում, որն ընթանում է Վիլնյուսում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ կողմերը կարեւոր նշանակություն են տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերմանը: Հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են անհրաժեշտության հետ, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում եւ բարելավել մթնոլորտը` խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչպես նաեւ համաձայնել են, որ հետագա ջանքերը պետք է միտված լինեն հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների մանրամասների վրա, որը բխում է 2011 թվականի Սոչիի գագաթնաժողովում նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի արած հայտարարությունից:
Կողմերը վերահաստատել են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:



























