Ռուսական երկու մայրաքաղաքներում դեկտեմբերի 6-ի երեկոյան Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցի 500 մասնակիցներ են ձերբակալվել: Նրանցից 200-ը հյուսիսային մայրաքաղաքում են ձերբակալվել, Մոսկվայում, ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվն անցնում է 300-ից:
Մոսկվայի Տրիումֆ հրապարակում նախօրեի երեկոյան բախվել են ընդդիմության ներկայացուցիչները եւ իշխանության կողմնակիցները` «Եդինայա Ռոսիայի» երիտասարդ գվարդիայի եւ «Մերոնք» շարժման անդամները:
«Ինտերֆաքս»-ի թղթակիցը նկարագրել է դեպքերը. «Երեկոյան ժամը վեցի սահմաններում մի խումբ երիտասարդներ են հավաքվել, որոնց թիվը գնալով ավելացել է: Երիտասարդները սկսել են վանկարկել «Պուտին, Ռուսաստան» եւ «Մեդվեդեւ, հաղթանակ» լոզունգները»
Մոտակայքում բողոքի ակցիա անցկացնող ընդդիմադիրները սկսել են վանկարկել`«Ամոթ», «Սա մեր քաղաքն է», «Վերադարձրեք արդար ընտրությունները» եւ այլն:
Սկսվել է քաշքշոցը, գործին միջամտել են ոստիկանները: Ձերբակալվածների թվում մի քանի լրագրողներ են եղել, որոնց մի մասին հետո ազատ են արձակել:
«Ինտերֆաքս»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ձերբակալվածները մինչեւ 1000 ռուբլու տուգանք կվճարեն կամ մինչեւ 15 օր կկալանավորվեն:
Լրագրող Ելենա Կոստյուչենկոն հայտնել է, որ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել, նույնիսկ մեկի քիթն են ջարդել:
Ձերբակալման ընթացքում ծեծվել է նաեւ «Կոմերսանտ» թերթի լրագրող Ալեքսանդր Չերնիխը, որը պատմել է, որ ոստիկանությունն իրեն ձերբակալել է` առանց հաշվի առնելու լրագրողի վկայականը:



























