Վենեսուելական ոսկու երկրորդ  խմբաքանակն է վերադարձվել Կարակաս, որը պահվում էր Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բանկերում: Այս մասին դեկտեմբերի 6-ի մամլո ասուլիսում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:

«Ինչպես կարող ենք վենեսուելական ոսկին Լոնդոնում պահել, եթե մի գեղեցիկ օր ՆԱՏՕ-ն կարող է ասել` այդ ոսկին մերն է» - ասել է Չավեսը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նա նշել է, որ այժմ ամենաանհուսալի բանը եվրոպական եւ ամերիկյան բանկերում ոսկի պահելն է, որոնք սնանկացման վտանգի տակ են: Չավեսը հավաստիացրել է, որ Եվրոպայի դեմ ոչինչ չունի, բայց ճիշտ է ասում, եւ եվրոպացիներն իրենք էլ են հասկանում իրավիճակի լրջությունը:

Հիշեցնենք, երկրի ոսկին վերադարձնելու մտադրության մասին Չավեսը հայտարարել էր դեռեւս օգոստոսին: Նա ասել էր, որ երկիրը մտադիր է միջազգային արժութային պաշարները տեղակայել  «բարեկամ» երկրներում` Բրազիլիայում, Չինաստանում եւ Ռուսաստանում:

Վենեսուելական ոսկու առաջին խմբաքանակը վերադարձվել էր նոյեմբերի վերջին: Ընդհանուր առմամբ, երկրին կվերադարձվի 11 մլրդ դոլարի ոսկի: