Ըստ երևույթին, մարդիկ նույնքան հարմարվել են վերջին սառցե դարաշրջանին, որքան գայլերն ու արջերը, ասվում է նոր ուսումնասիրության մեջ, որը վիճարկում է վաղեմի տեսությունները, թե ինչպես և որտեղ են ապրել մեր նախնիները սառցե դարաշրջանում:

Հետազոտության համահեղինակներից մեկը՝ Բորնմութի համալսարանի էվոլյուցիոն պալեոէկոլոգիայի պրոֆեսոր Ջոն Ստյուարտը, The Conversation կայքի համար խոսել է այս գիտական ​​աշխատանքի մանրամասների մասին։

Նախորդ հետազոտությունները հաստատել են հնագետների մեծ մասի այն տեսակետը, որ ժամանակակից մարդիկ նահանջել են հարավային Եվրոպա վերջին սառցե դարաշրջանի գագաթնակետին և ընդլայնվել գլոբալ ջերմաստիճանի հետագա բարձրացման ժամանակ:

Սակայն նոր ուսումնասիրությունն առաջինն է, որը ցույց է տալիս, օգտագործելով գենետիկ ապացույցներ, որ առնվազն որոշ մարդիկ մնացել են Կենտրոնական Եվրոպայում, ի տարբերություն շատ այլ կենդանիների, և չնայած այն հանգամանքին, որ մեր տեսակը զարգացել է Աֆրիկայի շատ ավելի տաք կլիմայական պայմաններում, գրում է պրոֆեսոր Ստյուարտը:

Այս ոլորտում կատարված հետազոտությունների մեծ մասը ցույց է տվել, որ շատ տեսակներ, ներառյալ մարդիկ, ընդլայնել են իրենց աշխարհագրական տիրույթը վերջին սառցե դարաշրջանի սկզբից՝ մոտավորապես 20,000 տարի առաջ:

Այս պահին եվրոպական սառցաշերտերը հասան Դանիա և Հարավային Ուելս: Եվրոպան ցուրտ էր, բայց հիմնականում սառցադաշտ չէր, հավանաբար նույնը, ինչ Ալյասկան կամ Սիբիրն այսօր:

Բորնմութի համալսարանի Օքսալա Գարսիա-Ռոդրիգեսի ղեկավարած նոր հետազոտությունը այլ մոտեցում է ցուցաբերել և ուսումնասիրել 23 սովորական եվրոպական կաթնասունների գենետիկական պատմությունը:

Գիտնականները պարզել են, որ որոշ տեսակներ (օրինակ՝ գորշ արջերն ու գայլերը) արդեն տարածված էին ողջ Եվրոպայում վերջին սառցադաշտի գագաթնակետին և չունեին նկատելի ապաստարաններ, կամ ունեին ապաստարաններ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում:

Այս օրինաչափությունը վերաբերում է նաև Homo sapiens-ին, պարզել են գիտնականները:

Անհասկանալի է, թե ինչու են հնագույն մարդիկ և այս խմբի մյուս կենդանիները ապրել այդքան խիստ թվացող կլիմայական պայմաններում և չեն ուսումնասիրել ավելի հյուրընկալ վայրեր: Բայց թվում է, որ նրանք կարողացել են դիմակայել սառցե դարաշրջանի պայմաններին, մինչդեռ մյուս կենդանիները գնացել են ռեֆուգիա (երկրի մակերևույթի կամ օվկիանոսների մի հատված, որտեղ որոշակի տեսակ ապրել կամ ապրում է դրա համար անբարենպաստ շրջան-խմբ.):