Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ Սպիտակ տանը մեղադրել է պիտակավորման համար:
Ռուսաստանի ԱԳՆ կայքի մեկնաբանությունում ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Սպիտակ տան եւ Պետքարտուղարության ներկայացուցիչների մեկնաբանություններն անընդունելի են:
«Ափսոսանքով ստիպված ենք նշել, որ Վաշինգտոնում վաղուց սպառված կարծրատիպերով են գործում, շարունակում են պիտակավորել` առանց պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր ընտրական դաշտում», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «նույն ԱՄՆ ընտրական համակարգը հեռու է կատարելությունից»: «Այն չի կարող թափանցիկության եւ արդարության չափանիշ ծառայել, ինչի մասին վկայում է, օրինակ, ընտրողների մասնակցության միանգամայն ցածր մակարդակը ընտրություններին: ԱՄՆ գործադիր իշխանությունը լավ կաներ զբաղվեր այդ իրավիճակի վերլուծությամբ եւ շտկման ուղիներ փնտրելով», - Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսքերը մեջբերում է «Правда.Ру»-ն:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանի քվեարկության արդյունքների վերաբերյալ մտահոգություն է հայտնել: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՌԴ խորհրդարանական ընտրությունները քննադատության է ենթարկել` դրանք անվանելով անազատ եւ անարդար եւ կոչ է արել հետաքննել կեղծիքները:



























