ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ԼՂ հակամարտության գոտում վստահության միջոցների եւ անվտանգության ապահովման ամրապնդմանը: Այս մասին Վիլնյուսում, դեկտեմբերի 6-ին, հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային այլ հարցեր:
Է. Նալբանդյանը Վիլնյուսում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, որի ժամանակ նրանք մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, հակամարտությունների կարգավորման, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանն առնչվող հարցերի շուրջ: Զրուցակիցները նաեւ խոսել են հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:




























