Ռուսաստանից 2011 թվականին զենքի արտահանման ծավալները կարող է կազմել 9,7 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր փոխտնօրեն Վիկտոր Կոմարդինը, ով այս օրերին Մալայզիայում LIMA-2011 զենքի ցուցահանդեսում գլխավորում է ռուսական պատվիրակությունը:

Նա հայտարարել է, որ 2010-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գծով վաճառվել է 8,7 մլրդ դոլարի զենք-զինամթերք, իսկ այս տարի ընկերությունը նախատեսում է մեկ մլրդ-ով ավելացնել զենքի վաճառքի ցուցանիշը: Կոմարդինը տեղեկացրել է, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվերների փաթեթն այսօրվա դրությամբ կազմում է 36 մլրդ դոլար, հավելելով, որ այդ թիվը ցույց է տալիս ռուսական զենքի նկատմամբ առկա պահանջարկը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ըստ «ՌԻԱ նովոստիի», «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պատրաստվում է Մալայզիային 18 «Սու-30 ՄԿՄ» կործանիչներ առաջարկել` իր ազգային ռազմաօդային ուժերի համար: Ավելին, հատուկ Մալայզիայի համար ընկերությունը «Բրամոս» հրթիռներ կմատակարարի:

«Կոմերսանտի» տվյալներով, Մալայզիայում սպառազինության միջազգային ցուցահանդեսի հենց առաջին օրը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից «Սու-30ՄԿ2» կործանիչներ Ինդոնեզիա մատակարարելու վերաբերյալ: Պայմանագրի կոնկրետ արժեքը հայտնի չէ, սակայն թերթն իմացել է, որ Ջակարտան, ցանկացած դեպքում կվճարի 500 մլն դոլարից ոչ պակաս: Իր հերթին, Վիկտոր Կոմարդինը լրագրողներին հայտնել է, որ եթե պայմանագիրը ստորագրվի, դա միանգամից «Ռոսօբորոնէքսպորտ»-ի զենքի պատվերների փաթեթի արժեքը կմեծացնի 1,5 մլրդ դոլարով:

Ներկայումս Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում զենք արտահանող երկրների ցանկում, զիջելով միայն ԱՄՆ-ին: «Ռոսօբորոնէքսպորտ» գնորդների առաջին եռյակում են Հնդկաստանը, Ալժիրն ու Չինաստանը: