Ադրբեջանը պատրաստ է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան անհրաժեշտ զիջումների գնալ, ինքնորոշման շրջանակներում: Ինչպես Լիտվայի մայրաքաղաքից տեղեկացնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը,  այս մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` ելույթ ունենալով Վիլնյուսում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում:

Ընդգծելով Ադրբեջանի կարեւոր դերը տարածաշրջանի ապագան կերտելու գործում` Մամեդյարովը ներկա գտնվող գործընկերներին հիշեցրել է իր երկիրը Եվրոպայի հետ կապող բազմաթիվ ծրագրերի մասին` նշելով, որ անհրաժեշտ է Ադրբեջանի անվտանգությունը դիտարկել եվրոպական անվտանգության համատեքստում:  Հնչեցնելով այդ  կարճ շանտաժը` նախարարը մատնանշել է «մեծ սպառնալիքը»`ի դեմս ղարաբաղյան հակամարտության:

«Խաղաղ բանակցությունները շատ կարեւոր փուլում են: Ստատուս-քվոյի պահպանումը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար», - ասել է Մամեդյարովը: Այնուհետեւ նախարարը Հայաստանին մեղադրել է մադրիդյան նորացված սկզբունքները չընդունելու մեջ եւ հայտնել, որ բանակցությունների հետագա առաջընթացը պայմանավորված է ստատուս-քվոն փոխելու Հայաստանի ցանկությունից:

Բոլորին հայտնի սովորության համաձայն հիշեցնելով միլիոնավոր փախստականների եւ 20% «օկուպացված»  տարածքների մասին, դարձյալ ավանդույթի համաձայն լռելով մեկուկես միլիոն հայ փախստականների եւ հայկական օկուպացված շրջանների վերաբերյալ, Մամեդյարովն ընդգծել է վստահության վերականգնման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` այդ ուղղությամբ կարեւոր քայլ կարող են  դառնալ «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների անմիջական շփումները»,  մարդկանց միջեւ անձնական կապերի հաստատումը:

Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրել է ռազմական բյուջեի ավելացման համար եւ համեստորեն լռել է Հայաստանի ամբողջ բյուջեն գերազանցող սեփական ռազմական բյուջեի աճի մասին:

Նշենք, որ պաշտոնական Բաքուն  շարունակում է պնդել Լեռնային Ղարաբաղն իր տիրապետությանը

վերադարձնելու մասին, իսկ ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքը առաջարկում է իրագործել Ադրբեջանի տխրահռչակ տարածքային ամբողջականության շրջանակներում, դրանով իսկ հենց սկզբից  առաջ քաշելով հայկական կողմի համար անընդունելի պայմաններ եւ գործնաանում զելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: