«Խրուշչովյան» քարե շենքերը սեյսմիկ առումով խոցելի են մնում: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 7-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության շենքերի սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը: I-450 խմբի հինգհարկանի քարե շենքերը Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում կառուցվել են 1960-ական թվականներին եւ 70-ական թվականների առաջին կեսին: Դրանից հետո կառուցվել է I-451 այսպես կոչված կասսետային «Խրուշչովկաների» որոշակի քանակ, որոնց սեյսմակայունությունը մի փոքր ավելի բարձր է: «Արդյունքում, 1988թ. երկրաշարժի ժամանակ առաջին խմբի շենքերը գրեթե ամբողջությամբ ավերվել էին, երկրորդները`մասնակի պահպանվել»,- ասել է նա:
Այդ շենքերի ներկա վիճակի մասին խոսելիս հարկ է նշել, որ դրանց ամրացումը միշտ չէ, որ նպատակահարմար է, քանի որ դրանցից շատերը կառուցվել են որոշակի ժամկետով, օրինակ` 50 տարվա համար, եւ արդեն սպառել են իրենց ժամկետը կամ մոտ են սպառելուն:
«Նման դեպքերում նպատակահարմար է ապամոնտաժել հին շենքը եւ նորը կառուցել», – հավելել է հայ սեյսմոլոգը:
1988թ. Սպիտակի երկրաշարժի մեծաթիվ զոհերի եւ ավերածությունների մյուս պատճառը, նշել է նա, շինարարական նորմերի ոչ բավարար չափով պահպանումն է. «Նորմերը պահպանվել են շատ ցածր մակարդակով, բնակիչներն իրենք անթույլատրելի փոփոխություններ էին կատարել կոնստրուկցիաներում` հաճախ հենապատերի հետ կապված: Օրինակ, երկու բնակարանների միավորման համար քանդել են միջնապատը», - նշել է մասնագետը:
Այսօր Հայաստանը հիշում է 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերին:



























