Նախընտրական շրջանում քաղաքական ուժերը փորձում են իշխանությանը դիմակայելու պատրանք ստեղծել, ինչպես դա անում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան թատերական ներկայացում ժողովրդի համար, որի բեմադրիչը Սերժ Սարգսյանն է: Այդ մասին, դեկտեմբերի 7-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով, նախընտրական շրջանն ու բուն ընտրությունները հիշեցնելու են 2007թ. խորհրդարանական ընտրությունները, ընդ որում ժողովրդի պասիվությունն ավելի մեծ է լինելու, քան նախորդ ընտրություններին: «Թատերական ներկայացումը շարունակվելու է մինչեւ 2012թ. խորհրդարանական ընտրությունները, ընդ որում միլիոններ են ծախսվելու ոչ միայն կաշառքի, այլեւ տարբեր տարբեր միջոցառումների, համերգների եւ շոուների կազմակերպման համար»,- նկատել է Սեֆիլյանը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանում ընտրությունները իշխանության վերարտադրման գործընթաց են դարձել` նկատելով, որ դրանում մասնակցություն ունեցող կուսակցությունները նպաստում են այդ վերարտադրությանը: «Իրավիճակը երկրում ծայրահեղ է, եւ հենց դրանով է պայմանավորված, որ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը մենք անդրադառնում են ներքաղաքական թեմաներին: Ամոթի եւ մեղքի զգացումով հաստատում ենք, որ 23 տարի անց հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց տանիքի»,- ամփոփել է Սեֆիլյանը:



























