Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը եվրագոտում առկա ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար առաջարկում է վերաբաշխել լիազորությունները Եվրամիության ղեկավար կառույցների միջեւ: Առաջարկը շարադրված է Բրյուսելում դեկտեմբերի 8-ին կայանալիք Եվրամիության գագաթաժողովի համար վան Ռոմպեյի նախապատրաստած փաստաթղթում:
Գաղտնի փաստաթուղթը լոնդոնյան Guardian թերթի տրամադրության տակ է հայտնվել, որն էլ այսօր հրապարակել է դրա հիմնական դրույթները:
Եվրախորհրդի նախագահն առաջարկում է ձայնի իրավունքից զրկել միջազգային կայունացման ծրագրերի ազդեցությանը ենթակա այն երկրներին, ովքեր համաձայնեցված բարեփոխումները չեն կատարի: Միաժամանակ, վան Ռոմպեյն առաջարկում է համաեվրոպական ինստիտուտներին ճգնաժամի ընթացքում Եվրամիության պետությունների ներքաղաքական գործերին միջամտելու լայն լիազորություններ հատկացնել: Դա վերաբերում է ազգային բյուջեների ձեւավորմանը, սոցիալական ծրագրերի եւ հարկային քաղաքականության իրագործմանը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, Եվրախորհրդի նախագահը կարծում է, որ ժամանակն է համաձայնեցնել անդամ երկրների կենսաթոշակային համակարգերը, աշխատաշուկան, ինչպես նաեւ հարկային քաղաքականությունը: Վան Ռոմպեյը չի բացառել նաեւ եվրագոտում միասնական պարտատոմսեր հայտնվելու հավանականությունը:
Հիշեցնենք, Եվրամիությունը փրկելու ծրագիր է մշակել նաեւ «Մերկոզի»-ն (Մերկել-Սարկոզիի հապավումը), այն եւս կներկայացվի դեկտեմբերի 8-ին կայանալիք Եվրամիության գագաթաժողովին:



























