ԱԺ նիստերի դահլիճում, այսօր` դեկտեմբերի 7-ին, գրանցվել է 70-ից ավելի պատգամավոր, սակայն դահլիճում ներկա էին միայն 68-ը: Այդ մասին այսօր հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, նկատելով, որ այսպիսով, կան նաեւ պատգամավորներ, որոնց ներկայությունը դահլիճում ֆիզիկական չէ եւ երեւում է միայն լուսատախտակին:
Այդ կապակցությամբ նիստի նախագահողները հայտարարեցին, որ պատգամավորները քվեարկությունից հետո դուրս են եկել:
Նշենք, որ Անահիտ Բախշյանը պարբերաբար բարձրացնում է դահլիճից բացակայող պատգամավորների հարցը ` անդրադառնալով նաեւ այն գործարար խորհրդարանականներին, որոնք նիստերի են հաճախում առավելագույնը տարին մեկ-երկու անգամ:
Երեկ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունների առիթով իրեն «բախտ վիճակվեց» տեսնել այնպիսի դեմքեր, որոնց ամիսներով, եթե ոչ տարիներով հնարավոր չէ նշմարել:
Ինքը` «Ժառանգություն» խմբակցությունն ունի 7 պատգամավոր, որոնցից մշտապես դահլիճ են հաճախում 4-5-ը (Վարդան Խաչատրյանը թեեւ «Ժառանգություն» խմբակցությունից է, սակայն վաղուց լքել է այդ կուսակցությունը): 63-հոգանոց ՀՀԿ խմբակցությունն ունի շուրջ 10-15 «պարտաճանաչ» պատգամավոր, 26-հոգանոց ԲՀԿ-ն` 7 -8, 16-հոգանոց ՀՅԴ-ն` 5- 6, 8-հոգանոց ՕԵԿ-ը` 3- 4:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անահիտ Բախշյանը երբ հերթական անգամ բողոքել էր, որ դահլիճում ավելի քիչ մարդ կա, քան քվեարկության մասնակիցների թիվն է, իր խոսքը համոզիչ դարձնելու համար նշել էր. «Ես հաշվել եմ ներկաների գլուխները»:




























