Ռուսաստանի վարչապետ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինն իր փաստաթղթերը ներկայացրել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով` նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այդ նպատակով, նա այսօր անձամբ է այցելել ԿԸՀ:
Հիշեցնենք, որ Պուտինը ՌԴ նախագահի թեկնածու է առաջադրվել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: Համագումարում նրա թեկնածությունն ընդունվել է միաձայն քվեարկությամբ:
Ավելի վաղ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին ԿԸՀ հաղորդում էին ներկայացրել եւս 5 գործիչներ: Նրանք բոլորն ինքնառաջադրվել են: Նրանց շարքում են Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Վիկտոր Չերեպկովը եւ «Ուրիշ Ռուսաստան» միավորման առաջնորդ Էդուարդ Լիմոնովը:
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի կունենան 2012-ի մարտի 4-ին:



























