«Սարդարապատ» շարժումը դեմ է 2012թ. խորհրդարանական ընտրություններին քաղաքական առողջ ուժերի մասնակցությանը:

Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 7-ին, մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը` ոչ այնքան կուսակցության առաջնորդներին, որքան դրանց շարքային անդամներին կոչ անելով  օլիգարխների ձեռքին խաղալիք չդառնալ եւ չարձագանքել պայքարի կեղծ կոչերին:

Նրա խոսքով` «Սարդարապատ» շարժումն ընտրությունների եւ լեգիտիմ իշխանություններ ձեւավորելու կողմնակից է, սակայն ներկա պայմաններում դա անհնար է. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են: Հայաստանում իշխանությունը գրավել են մի խումբ մարդիկ, եւ այդ վարչակարգից նորմալ ընտրություններ ակնկալել պետք չէ:  Երկրում ընտրությունները վերածվել են իշխանության վերարտադրման միջոցի, իսկ դրանում մասնակցող բոլոր անձինք եւ ուժերը  այդ հանցագործության մեղսակիցներն են:  Տվյալ ընտրությունների կազմակերպիչները օրենքից դուրս են:  Ժողովուրդը մասնակցում է քվեարկությանը, սակայն ձայները հաշվողները գողեր են: Երկրում անկախ դատարաններ չկան, հետեւաբար ժողովրդավարացման գրրծընթացի մասին մտածելը նույնքան անհեթեթ է»:

Սեֆիլյանն ընդգծել է այս ճահճից դուրս գալու եւ ազնիվ քաղաքական դաշտ ու այլընտրանքային իշխանություն ստեղծելու անհրաժեշտությունը. «Սարդարապատ» շարժումը եւ նրա կողմնակիցները կպայքարեն ոչ թե Հայաստանում գործող վարչակարգի վերարտադրման, այլ դրա քայքայման համար: Դա հնարավոր է վարչակարգին ժողովրդի կամքը հարկադրելու միջոցով: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն արդեն գիտակցում է, որ ընտրությունները երկրի իշխանությունը գրաված այս վարչակարգից ազատվելու միջոց չեն: Մենք կփորձենք լուրջ երիտասարդներից կազմված այլընտրանքային իշխանություն ձեւավորել, հստակ ծրագիր մշակել, եւ երբ աշխատանքի այդ բարդ եւ երկարատեւ մասն ավարտվի, վերջին փուլը ժողովրդի մոբիլիզացիան կլինի»:

Նա նաեւ նշել է, որ «Սարդարապատ» շարժումը տեւական ակցիաների եւ հանրահավաքների չի դիմի, քանի որ երկիրը ցնցումների ենթարկելու իրավունք չունի: