Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խոշոր ձու արտադրող ընկերություններից մեկին «հանել է խաղից»` չճանաչելով որպես գերիշխող դիրք գրավող: Նման հայտարարությամբ այսօր` դեկտեմբերի 7-ին, հանդես եկավ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նախկին տնօրեն Մանասե Եփրեմյանը:
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 30-ի նիստում ՏՄՊՊՀ-ն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը ճանաչել է գերիշխող դիրքը չարաշահող եւ 100 մլն դրամի տուգանք նշանակել (2009-ին ընկերության հասույթի 2 տոկոսի չափով):
Հանձնաժողովի որոշումը պայմանավորված էր հետեւյալով. դեկտեմբերի վերջում`ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ ավելացման օրերին, ձուարտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է Լուսակերտի ֆաբրիկային։
Ըստ Մ. Եփրեմյանի` բացի Լուսակերտի թռչնաֆաբրիկայից, կա եւս 1 գերիշխող դիրք գրավող, սակայն լրագրողներին խորհուրդ տվեց ինքնուրույն գտնել այդ ընկերությանը` ուսումնասիրելով հենց ՏՄՊՊՀ-ի փաստաթղթերը:
Մ. Եփրեմյանը նշեց նաեւ, որ դատական կարգով վիճարկել են ՏՄՊՊՀ-ի տուգանքը, իսկ հերթական դատը նշանակված է հունվարի 24-ին:
Նշենք սակայն, որ ՏՄՊՊՀ-ի պաշտոնական կայքէջում «հավի ձու` կճեպով» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեն 4 տնտեսվարող սուբյեկտներ (2011 թ. հունիսի 8-ի որոշմամբ): Դրանք են` «Արաքս թռչնաֆաբրիկա», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» , «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» եւ «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները: Այս 4 ընկերությունները միասին գրավում են շուկայի առնվազն երկու երորրդը` 86 տոկոսը: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին ասաց, որ Լուսակերտի թռչբաֆաբրիկան միշտ էլ եղել է գերիշխող դիրք գրավող, եւ միայն անցյալ տարի այդ ցանկում հայտնվեցին «Արաքսն» ու «ԵԹՖ»-ն, իսկ այս տարի` նաեւ Արզնու ֆաբրիկան: «Շուկայում պարզապես այլ խոշոր ձուարտադրողներ այս պահին չկան»,- ասաց Գ. Սահակյանը:
Ինչ վերաբերում է 100 մլն դրամ տուգանքը դատական կարգով վիճարկելուն, ապա Գ. Սահակյանն ասաց, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկան արհեստականորեն ձգձգում է դատական գործընթացը` ամեն անգամ «նոր հիմքեր» բերելու պատճառաբանությամբ: Սակայն մի քանի օր առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը հաստատեց մեկ այլ օրինախախտման համար (ձվի մակնշումների բացակայություն) ՏՄՊՊՀ-ի սահմանած 5 մլն դրամ տուգանքը: Ըստ Գ. Սահակյանի` եթե Լուսակերտի թռչնաֆաբրիկան ժամանակին չվճարի տուգանքը, ապա ՏՄՊՊՀ-ն, օրենսդրության սահմաններում, ավելի խիստ միջոցների կդիմի:




























